Մովսես Խորենացին Վաղարշապատի մայր դպրոցում աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին: Այնուհետև ուսումնառությունը շարունակել է Ալեքսանդրիայում, Եդեսիայում, հմտացել քերականության ու ճարտասանության մեջ, յուրացրել հունական գրականության, դիցաբանության, պատմագրության և իմաստասիրության հարուստ ավանդույթները: Տունդարձի ճանապարհին եղել է Հռոմում, Աթենքում, Կոստանդնուպոլսում և մոտ 440 թ-ին վերադարձել է Հայաստան:
461 թ-ին նշանակվելով Բագրևանդի թեմակալ առաջնորդ՝ Խորենացին ծավալել է մանկավարժական, գրական և թարգմանական գործունեություն: 470-ական թվականների վերջին իշխան Սահակ Բագրատունու պատվերով սկսել է գրել «Պատմություն Հայոց» մատյանը. ավարտել է  482 թ-ից առաջ` մինչև Սահակ Բագրատունու մահը: 
«Պատմություն Հայոց» աշխատությունը բաղկացած է 3 գրքից: Առաջինում հեղինակն անդրադարձել է հայ ժողովրդի ծննդաբանությանը, մանրամասնորեն քննության առել հայոց անվանադիր նախնի Հայկ Նահապետի ու նրա սերունդների (Արամ, Արամանյակ, Արա և ուրիշներ) գործունեությունը: Երկրորդը նվիրված է Արշակունյաց արքայատոհմի պատմությանը և ավարտվում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու իրադարձությունների նկարագրությամբ: Երրորդում շարադրված է Տրդատ Գ Մեծի հաջորդների, Պարսկաստանի ու Հռոմի միջև Հայաստանի առաջին բաժանման (387 թ.), Արշակունյաց թագավորության անկման (428 թ.) պատմությունը: Խորենացին իր մատյանն ավարտել է «Ողբով»՝ ներկայացնելով թագավորական տան կործանումը, երկրի թշվառությունն ու իր հոգեկան տառապանքը: «Ողբի» առաջին տողը հայ ազգի սեղմ ու փայլուն գովերգ է, որը վերածվել է թևավոր խոսքի:
«Պատմություն Հայոց»-ը Հին Հայաստանի պատմության եզակի և ստուգապատում սկզբնաղբյուր է. մանրամասն տեղեկություններ է հաղորդում հին հայկական հեթանոսական կրոնի, մշակույթի ու դիցարանի, Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական կյանքի, ինչպես նաև հարևան ու հեռավոր երկրների պատմության վերաբերյալ: 
Խորենացու երկի առաջին գրքի ու երկրորդի մի մասի հիմքը վիպական ավանդություններն են: Նա բարեխղճորեն մշակել և ներկայացրել է Հայկի և Բելի, Արամի, Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին վիպաառասպելական զրույցները, Վահագնի, Տորք Անգեղի, Արտավազդի առասպելները, «Վիպասանք» վիպաշարը և այլն, ցույց տվել դրանց պատմական արժեքն ու հավաստիությունը: 
Խորենացին օգտագործել է օտար ու հայկական (այդ թվում՝ նախամաշտոցյան) մատենագրական, վավերագրական, բանավոր, նյութական և այլ սկզբնաղբյուրներ: Մատենագրական օտար սկզբնաղբյուրներից հիշատակվում են Աստվածաշունչը, Հոմերոսի, Հերոդոտոսի, Մանեթոնի, Հովսեպոս Փլավիոսի, Եվսեբիոս Կեսարացու և ուրիշների երկեր: Նախամաշտոցյան սկզբնաղբյուրներից են Մար Աբաս Կատինայի (մ. թ. ա. II դար) մատյանը, «Մեհենական պատմությունները» [հեղինակները, ըստ Խորենացու, Արամազդի տաճարի քուրմ Ողյումպը (I–II դարեր) և ասորի գրող (հավանաբար՝ ծագումով հայ) Բարդածան Եդեսացին (III դար) են], ինչպես նաև «Հյուսումն պիտոյից» երկը (Խորենացին հեղինակին չի հիշատակում): Մաշտոցատառ մատենագրական աղբյուրները Կորյունի, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի երկերն են, վավերագրականները՝ Գահնամակը (Հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների տեղերի, գահերի կամ պատվաստիճանների ցուցակը) և Հայաստանում հայտնաբերված այլալեզու վիմագրությունները: Բանավոր աղբյուրները ժողովրդական երգիչներից՝ գուսաններից գրառած հայ բանահյուսության նմուշներ են՝ վիպասանների ու թվելյաց երգեր, զրույցներ (օրինակ՝ «Վահագնի ծնունդը», «Արտաշես և Սաթենիկ», «Տիգրան և Աժդահակ»), պատմաավանդական ստեղծագործություններ, նախարարական տոհմերի ծագման շուրջ հյուսված ասքեր և այլն: Նյութական սկզբնաղբյուրները Խորենացու նկարագրած քաղաքներն ու բնակավայրերն են, լեզվական աղբյուրները՝ անձնանունները, տեղանունները, տոհմանունները, որոնք հեղինակը ստուգաբանել ու մեկնաբանել է պատմական իրադարձությունների տեսանկյունից:
«Պատմություն Հայոց»-ն իր կուռ կառուցվածքով, հստակ ու ճշգրիտ ժամանակագրությամբ, պատմության պարբերականացման սկզբունքով, շեշտված հայրենասիրական ուղղվածությամբ դարձել է անփոխարինելի ազգային արժեք, համաշխարհային պատմագիտական մտքի նշանավոր կոթողներից: Այն մեծապես նպաստել է հայ ազգային մտածողության զարգացմանը և բարոյական ոգու զորեղացմանը: «Պատմություն Հայոց»-ն օրինակ ու չափանիշ է եղել միջնադարյան հայ պատմագիրների համար, բազմիցս ընդօրինակվել է և մինչև XIX դարի կեսերը հայկական դպրոցներում եղել է հայ ժողովրդի պատմության անփոխարինելի դասագիրք: 
Երկի հնագույն ընդօրինակություններից մեզ են հասել 50 ամբողջական ձեռագրեր, որոնցից 30-ը պահվում են Մատենադարանում: Առաջին անգամ տպագրվել է 1695 թ-ին, Ամստերդամում, աշխարհաբար՝ 1889 թ-ին՝ Խորեն Ստեփանեի փոխադրությամբ: 1940 թ-ին Ստեփանոս Մալխասյանցը հրատարակել է նոր և գիտական փոխադրությունը, որը 1990 թ-ին վերահրատարակվել է «Պատմություն Հայոց»-ի 1500-ամյակի առթիվ: Երկի բնագիրը լույս է տեսել 19, աշխարհաբարի վերածված՝ ավելի քան 10 անգամ, թարգմանվել է ռուսերեն, ֆրանսերեն, լատիներեն, իտալերեն, գերմաներեն, անգլերեն, պարսկերեն, արաբերեն և այլ լեզուներով:
Խորենացու դավանաբանական աշխատություններից արժեքավոր են «Պատմություն Սրբուհվույն Աստվածածնի և պատկերի նորա», «Պատմություն Սրբոց Հռիփսիմյանց» երկերը, «Ներբող ի Սուրբն Հռիփսիմե», «Հաղագս Վարդավառին խորհրդո» ներբողները, «Պատմություն վարուց Աղեքսանդրին» թարգմանական երկը, «Գիրք պիտոյից»-ը և այլն: Խորենացին նաև նշանավոր երաժիշտ-բանաստեղծ է ու շարականագիր: Առավել հայտնի են «Խորհուրդ մեծ և սքանչելի», «Ծագումն հրաշալի», «Ուրախացիր, սրբուհի» երգերը, որոնց բնորոշ է հանդիսավոր տոնական, քնարական և վիպերգական շունչը:
Խորենացու մասին հրատարակվել է  շուրջ 3 հզ. ուսումնասիրություն: 1991 թ-ին մեծ շուքով նշվել է «Պատմություն Հայոց»-ի 1500-ամյակը, միջազգային գիտաժողովներ են տեղի ունեցել Երևանում, Փարիզում, Նյու Յորքում:
1993 թ-ին սահմանվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ:
Մովսես Խորենացու անունով Երևանում և ՀՀ այլ քաղաքներում կոչվել են փողոցներ, բուհ, կանգնեցվել են նրա հուշարձանները:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s